Մայիսի 15-ին Դիլիջանի Շարամբեյանի
անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ Ռոբերտ Պետրոսյանի ֆոտոցուցահանդեսը` «Գտի՛ր
քո լույսը» խորագրով: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, եկել էին տարբերուսումնական
հաստատություններից և այլ տեղերից:
Ցուցահանդեսի աջակիցներն էին
Դիլիջանի քաղաքապետ` Արմեն Սանթրոսյանը, Գեղարվեստի դպրոցը, «Դիլնեթ» բիզնեսկենտրոնը:
Ցուցահանդեսի ժամանակ Ռոբերտը
ներկայացրել էր իր 50 լավագույն աշխատանքները, որոնք արվել են տարբեր ժամանակներում
քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Լուսանկարները պատկանում են տարբեր ժանրերին` բնանկարներ,
դիմանկարներ և սյուռեալիստական նկարներ: Դրանք այլաբանական նկարներ են, որոնք իրենց
մեջ պարունակում են այլաբանական միտք, խորհուրդ,
որը պետք է հասկանալ նկարին ուշադիր նայելով:
Նկարներն արժանացան հյուրերի համակրանքին, որոնք նկատեցին նկարների շարժունակությունը:
Ցուցահանդեսը եզրափակվեց մի
փոքրիկ համերգային ծրագրով, որը կազմակերպել էին Ռոբերտը և իր ընկերները: Այստեղ նա
ցույց տվեց նաև իր երաժշտական ունակությունները:
Ռոբերտը ֆոտոարվեստով զբաղվել
է դեռևս 12 տարեկանից, երբ հաճախել է «Արևորդի» էկո-ակումբ: Փոքր ժամանակվանից նրա
նպատակն էր իր աշխատանքները ցուցադրել հանրությանը և այսօր մենք գտնվում ենք նրա ֆոտոցուցահանդեսին:
Ի դեպ Ռոբերտը միայն այս ասպարեզում
չէ, որ ունի հաջողություններ:
Նա դեռևս 6 տարեկանից սկսել է երգել և մասնակցել տարբեր միջոցառումների: Իր յուրահատուկ ակտիվության շնորհիվ մասնակցել է բազմաթիվ մրցույթների և շատ անգամներ արժանացել առաջին կարգի մրցանակների: 2011 թ.-ին արժանացել է ամենահամարձակ դպրոցական բլոգերի կոչմանը, ինչպես նաև ճանաչվել է Ավագ դպրոցի 2011 թ.-ի լավագույն և ակտիվ աշակերտը: Նույն տարում մասնակցել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի
կողմից նախաձեռնած օնլայն լրագրության օլիմպիադային և արժանացել առաջին կարգի մրցանակի:
Որպես բլոգեր հրավիրվել է մասնակցելու «Ռոլան Բիկով»-ի անվան միջազգային կինոփառատոնին:
Ռոբերտը մասնակցել է նաև «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը, «Բնախույզները» ինտելեկտուալ
խաղին:



